Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ֆարմացևտ պրակտիկ 11-12.2007 (8-9)

Մեր ջուրն աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում...

Մեր ջուրն աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում...

Հայաստանի մասին խոսելիս մեզանից շատերը անմիջապես հիշում են Արարատ լեռը, Գառնին, Գեղարդը ու երեքհազարամյա Էրեբունի ամրոցը։Հիշում ենք նաև այն, որ միմիայն շշալցված ջրեր խմող արտասահմանցիներին դեռ մի քանի տարի առաջ հպարտությ ամբ պատմում էինք մեր հայրենիքի՝ «աշխարհում երկրորդ տեղը զբաղեցնող» քաղցրահամ ջրի մասին, որը կարելի է ըմպել՝ ընդամենը ծորակը բացելով։

 

Բացի այդ, սիրում էինք պատմել Երևանի բազմաթիվ ցայտաղբյուրների մասին, որոնք թարմություն ու զովություն էին պարգևում մեր քաղաքի բնակիչներին, մանավանդ տարվա ամենաշոգ օրերին։Քաղաքն ուներ նաև բազմաթիվ բաց ու փակ լողավազաններ, որտեղ նույն այդ շոգից փրկություն էին գտնում մեր քաղաքի փոքրիկ բնակիչները։

 

Անցան տարիներ... Ինչպիսի՞ն է հիմա Երևանի ջրային ռեսուրսների իրավիճակը, և արդյոք ո՞ր տեղն է զբաղեցնում ծորակից ոչ միշտ հոսող հայկական ջուրը։

 

Նախ անդրադառնանք ջրի մաքրման մեթոդին։ Զարգացած երկրներում վաղուց արդեն հրաժարվել են ջուրը քլորացման միջոցով ախտահանելու եղանակից, որը ոչ միայն բացասաբար է ազդում ջրի համային որակի վրա, այլև ուղղակի վտանգավոր է մարդու առողջության համար։ Դրա փոխարեն կա, օրինակ, օզոնացման մեթոդը, որը ենթադրում է հիմնական մայրուղիների սկզբնական հատվածում ջրի օզոնացում, ինչը չունի բացասական ազդեցություն ինչպես մարդու առողջության վրա, այնպես էլ համային որակի։ Այս մեթոդը հնարավոր կլիներ կիրառել նաև մեր քաղաքում, եթե չլիներ մի բայց... Այն է` ներքին ցանցի ծայրագույն աստիճանի մաշվածությունը և ջրերի աղտոտման շատ բարձր հավանականությունը։ Այս փաստից ելնելով` համապատասխան մարմինները ստիպված են ջրի ճանապարհի ամբողջ ընթացքում ախտահանել այն` կրկին վերադառնալով հին ու տհաճ մեթոդին` ջրի քլորացմանը։

 

Եթե ջրի ախտահանման պարագայում կարելի է ընդունել պատասխանատուների այն բացատրությունները, թե երկիրը դեռևս չունի համապատասխան հնարավորություններ, ապա առնվազն անհասկանալի է Երևանում ցայտաղբյուրների թվի տարեցտարի նվազումը։ Շուտով, կարծում ենք, սրանք նույնպես Երևանի կանաչ գոտիների ու ճարտարապետական ու պատմական արժեք ներկայացնող շինությունների հետ միասին կհայտնվեն մեր քաղաքի «Կարմիր գրքում»։ Հետաքրքիր է` իսկ ի՞նչ պետք է անի երևանյան շոգին իրեն վատ զգացող այն ծերունին կամ մանուկը, որը հնարավորություն չունի մոտակա սրճարանից շշալցված ջուր գնելու։ Նույն այդ մանուկները վերջին տարիներին զրկվեցին նաև բոլորի համար մատչելի լողավազաններից, և այսօր արդեն ոչ վճարունակ ավելի ու ավելի շատ փոքրիկների կարելի է տեսնել քաղաքային շատրվաններում ու լճակներում, որոնք բացարձակապես նախատեսված չեն նման հանգստի համար։ Ավելին, նման տեղերում լողալն արգելված է։ Ի դեպ` արգելքի մասին։ Փորձեցինք քաղաքում այդպիսի արգելող ցուցատախտակներ գտնել. չգտանք։ Միայն Հրազդանի կիրճում թերևս մի քանի ժանգոտած թիթեղների վրա կարելի է տեսնել նմանատիպ նշումներ։ Ցավալի է, բայց փաստ, որ, ի տարբերություն այլ երկրների, Հայաստանում այս ոլորտը շարունակում է քայքայվել` մշտական վախի մթնոլորտի մեջ պահելով մեր քաղաքացիներին։

 

Կարծում ենք՝ համապատասխան մարմինները հսկայական աշխատանք ունեն անելու։ Իսկ մենք՝ հասարակ քաղաքացիներս, պետք է չզարմանանք՝ լսելով բռնկված համաճարակների մասին լուրերը և արտասահմանցիներին Հայաստանի մասին պատմելիս (գոնե առայժմ), ցավոք, չպետք է գովաբանենք մեր երբեմնի սառնորակ ու մաքուր ջուրը...

Հեղինակ. Վահե Տեր-Մինասյան
Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 11-12-2007 (8-9)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ